Հայաստան

🠔 НАЗАД

Կառավարությունը բարդություններ ունեցավ Լեռնային Ղարաբաղից ավելի քան 100,000 տեղահանված փախստականների ինտեգրման հարցում։ Արտահայտվելու և խաղաղ հավաքների ազատությունները մի քանի անգամ սահմանափակվել են, լրագրողներն ու բնապահպանները ենթարկվել են սպառնալիքների և հետապնդումների։ Ընտանեկան բռնության մասին օրենքում կատարված փոփոխությունները բարձրացրել են զոհերի պաշտպանության մակարդակը։ ԼԳԲՏԻ համայնքի ներկայացուցիչների նկատմամբ խտրականությունը պահպանվել է։

Նախապատմություն

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները շարունակվել են անվտանգային լարված պայմաններում, որոնք նշանավորվել են բախումներով՝ Ադրբեջանի Լեռնային Ղարաբաղի շրջանի շուրջ և հայ-ադրբեջանական սահմանի երկայնքով: Լարվածությունը բարձր է մնացել նաև այնպիսի առանցքային հարցերի շուրջ, ինչպիսիք են տարածքային միջանցքները և Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը։

Կառավարությունը շարունակել է ամրապնդել քաղաքական կապերը ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ՝ միաժամանակ հայտարարելով Ռուսաստանի գլխավորած Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունից դուրս գալու պլանների մասին:

Ադրբեջանի հետ հետպատերազմյան լարվածությունը շարունակել է բորբոքել ներքին քաղաքական անհանգստությունը։ Ապրիլ և մայիս ամիսներին լայնածավալ բողոքի ցույցեր են տեղի ունեցել՝ Ադրբեջանին փոխանցված Տավուշի մարզի չորս գյուղերի սահմանագծման համաձայնագրից հետո։ Ցուցարարները փակել են ճանապարհներ՝ պահանջելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը և քննադատելով նրա կողմից Ադրբեջանի հետ 2022 թվականի հակամարտության կառավարումն ու քաղաքական դաշինքների փոփոխությունը։

Փախստականների և միգրանտների իրավունքներ

Կառավարությունը շարունակել է բախվել խնդիրների ապահովելու 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի նկատմամբ վերահսկողություն հաստատելուց հետո այնտեղից փախած ավելի քան 100,000 փախստականների ինտեգրումը։ Շատ փախստականների համար շարունակել են հատկապես բարդ լինել բնակարանի, աշխատանքի և կրթության հետ կապված հարցերը: Նրանց՝ անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքը մնացել է չիրականացված։

Խաղաղ հավաքների ազատություն

Ոստիկանությունը մի քանի անգամ ապօրինի ուժ է կիրառել ցուցարարների նկատմամբ ապրիլ և մայիս ամիսներին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով տեղի ունեցած բողոքի ակցիաների ժամանակ:

Հունիսի 12-ին Հայաստանի մայրաքաղաք Երևանի կենտրոնում բախումներ են տեղի ունեցել Ոստիկանության և ցուցարարների միջև սահմանագծման համաձայնագրի դեմ բողոքի ակցիաների ժամանակ: Վիրավորվել է շուրջ 101 մարդ, այդ թվում՝ 17 ոստիկան, և հաղորդվել է 98 ձերբակալվածի մասին։ Առնվազն 15 մարդու մեղադրանք է առաջադրվել խուլիգանության և հասարակական կարգի խախտման համար։ Ոստիկանության արձագանքի համաչափությունն ու օրինականությունը քննության առարկա դարձնելուց հետո ոչ մի իրավապահ պատասխանատվության չի ենթարկվել։[i]


[i] “Armenia: Violence during street protests must be investigated”, 13 June

Արտահայտվելու ազատություն

Ապրիլ-մայիս ամիսների բողոքի ակցիաները ուղեկցվել են լրագրողների նկատմամբ ճնշումների և հետապնդումների, ներառյալ՝ վիրավորանքների և սպառնալիքների մասին հաղորդումներով։  Հայաստանի «Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի» տվյալներով՝ բողոքի ակցիաների լուսաբանման ընթացքում վիրավորվել է 14 լրագրող և մեդիաաշխատող՝ ինչպես թիրախային հարձակումների, այնպես էլ ամբոխի հրմշտոցի հետևանքով։ Որոշ լրագրողների հրել և գցել են գետնին, մյուսները հայտնել են ոստիկանության աշխատակիցների կողմից ծեծի և վնասվածքների մասին:

Մարտի 22-ին իշխանությունները ձերբակալել են փոդքասթի հաղորդավարներ և ընդդիմադիր գործիչներ Վազգեն Սաղաթելյանին ու Նարեկ Սամսոնյանին խուլիգանության մեղադրանքով և երկու ամսով կալանքի տակ վերցրել։ Նրանց մեղադրել են «AntiFake» լրատվամիջոցում վարչապետ Նիկոլ Փաշինյանի և իշխող կուսակցության այլ գործիչների հասցեին անպարկեշտ արտահայտություններ հնչեցնելու համար։ Դատավարությունը սկսվել է սեպտեմբերի 23-ին։ Մեղավոր ճանաչվելու դեպքում ակտիվիստներին կարող է սպառնալ մինչև հինգ տարվա ազատազրկում:

Առողջ շրջակա միջավայրի իրավունք

Ամուլսարի ոսկու հանքին հունվարին թույլատրվել է վերսկսել գործունեությունը՝ առանց լիարժեք լուծելու ջրի և հողի աղտոտման հետ կապված բնապահպանական խնդիրները, որոնք նախորդ տարիներին բողոքի ցույցերի պատճառ էին դարձել։ Բնապահպանները բախվել են դատական հայցերի, որոնք նպատակ ունեին լռեցնել նրանց, ինչպես նաև դարձել են լրատվամիջոցների զրպարտչական արշավների թիրախ։ Այդ արշավներում ներառվել են մեղադրանքներ, թե նրանց ակտիվիզմը սպառնում է ազգային անվտանգությանը։ Այս գրոհներն իրականացվել են 2023 թվականի դեկտեմբերին Ամուլսարի հանքարդյունաբերական ծրագրի բնապահպանական ազդեցությունների վերաբերյալ նրանց համատեղ հայտարարությունից հետո։

Սեռական և գենդերային բռնություն

Ապրիլի 12-ին Ազգային ժողովը փոփոխություններ է ընդունել ընտանեկան բռնության մասին օրենքում՝ ուժեղացնելով տուժողների պաշտպանության մեխանիզմները և հանելով նախկինում առկա «ընտանեկան ներդաշնակության վերականգնում» շեշտադրումը, որը կարող էր ճնշում գործադրել տուժողների վրա՝ մնալու բռնարար հարաբերությունների մեջ։ Փոփոխություններն ընդլայնել են ընտանեկան բռնության սահմանումը՝ ներառելով ֆիզիկական, սեռական, հոգեբանական և տնտեսական բռնության տեսակներ։ Բացի այդ, սահմանվել են նոր հանցագործություններ, այդ թվում՝ հարկադիր բժշկական միջամտություններ, առողջապահության ծառայություններից օգտվելու սահմանափակում, «կուսության ստուգում» և հետապնդում։

ԼԳԲՏԻ համայնքի իրավունքներ

ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խարանավորումն ու խտրականութունը շարունակվել են։ Հունիս ամսին Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի աշխատակիցները հայտնել են, որ սպառնալիքների, հետապնդումների և վերբալ վիրավորանքների են ենթարկվել՝ հատկապես ԼԳԲՏԻ անձանց հետ իրենց աշխատանքի համար։